Այսօր էլ շատերին անհանգստացնում է այն, որ աշխարհում անհանգիստ է, Հայաստանի շուրջ, և Հայաստանը կասկածելի հանգիստ է: Դիվանագետի օրվան նվիրված միջոցառմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հասկանում եմ նաև անհանգստությունները, որովհետև դա ոչ սովորական իրավիճակ է: Երբ որ մեզ համար սովորական վիճակ չէ, դա կարող է նաև օբյեկտիվ անհանգստություններ առաջացնել, թե ինչքան է այն, ինչ որ մենք տեսնում ենք, իրականությանը համապատասխանում: Դա համապատասխան է իրականությանը, բայց մենք պետք է հասկանանք, որ դա երաշխավորված չէ, և դրա շարունակականությունը պահանջում է ամենօրյա աշխատանք և առաջին հերթին՝ մեր դիվանագիտական ծառայությունից և մեր դիվանագետներից: Ես համոզված եմ, որ մեր դիվանագիտական ծառայությունը ունի այդ կարողությունները իր և ՀՀ ձեռքբերումները խնամելու, պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու, որովհետև պահպանելու, պաշտպանելու ամենակարևոր գործիքներից մեկը զարգացումն է: Եթե որևէ նվաճում, որևէ ձեռքբերում հետագա զարգացում չեն ստանում ավելի մեծ և ավելի կարևոր ինչ-որ մի բան դառնալու ուղղությամբ, այն անպայման կորցնում է իր ընթացիկ նշանակությունը:
Ես համոզված եմ, որ մենք այս տրամաբանությամբ կշարժվենք առաջ այն գիտակցությամբ, որ փոփոխվող աշխարհում մենք ինքներս պետք է փոխենք մեր մտահորիզոնի շրջանակը և ծավալը, կարողանանք ավելի բարձրից նայել աշխարհին, դրա համար մենք պետք է կարողանանք բարձրանալ, իսկ բարձրանալու ճանապարհը միանշանակ և աներկբա է, որ կրթությունն է, շարունակական կրթությունը:
Ես ուրախ եմ, որ մենք կարող ենք արձանագրել, որ գնում ենք ավելին իմանալու հետևից և ճանապարհով, որովհետև դա նշանակում է օբյեկտիվ, ոչ միայն էմոցիոնալ, այլև գործնական հնարավորություն՝ ավելին անել մեր հայրենիքի՝ ՀՀ-ի համար: Շնորհակալ եմ մեր երկրի բոլոր դիվանագետներին՝ մեր երկրի՝ ՀՀ-ի համար ավելին անելու իրենց պատրաստակամության և իրենց ամենօրյա աշխատանքի համար»,- նշեց վարչապետը: