Բահրեյնի մայրաքաղաք Մանաման ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման։ Անօդաչուներից մեկը բախվել է երկնաքերի։ Հարվածի կադրերը նկարահանվել են ականատեսներ, դրանք հրապարակվել են սոցիալական ցանցերում։
«Վնասվել է մի քանի բնակելի շենք։ Քաղաքացիական պաշտպանության ուժերը մարում են հրդեհները և իրականացնում են փրկարարական աշխատանքներ տուժած շրջաններում»,-X սոցիալական ցանցում հայտնել է Բահրեյնի ՆԳՆ-ն։ Հարձակման հետևանքների վերաբերյալ մանրամասներ նախարարությունը խոստացել է ներկայացնել ավելի ուշ։
Ավելի վաղ՝ փետրվարի 28-ին, Իրանն արդեն հարվածներ էր հասցրել Մանամայի Ջուֆեյր թաղամասին, որտեղ գտնվում է ԱՄՆ 5-րդ օպերատիվ նավատորմի ռազմածովային բազան։ Բահրեյնի իշխանությունները բնակիչներին կոչ էին արել լքել բազային հարակից շրջանները։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Իրանին․ գնդակոծության են ենթարկվել օբյեկտներ Թեհրանում, Սպահանում, ինչպես նաև արևմտյան Քերմանշահ նահանգում, Ղոմում, Թավրիզում, Շիրազում, Չաբահարում և այլ բնակավայրերում։
Հարվածների սկսվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել տեսաուղերձով, որում կոչ է արել իրանական ուժերին «զենքը վայր դնել կամ բախվել անխուսափելի մահվան»։ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների հիմնական նպատակն Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն է։
Իրանի իշխանությունները խոստացել են տալ «կործանարար» պատասխան՝ հարվածներ հասցնելով Իսրայելի տարածքին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին: