Մենք հաղթահարել ենք պատմության այն ցիկլը, որտեղ պետականությունը կորցրել ենք աշխարհաքաղաքական հանգամանքների և այդ հանգամանքները մեր վերահսկողությունից դուրս լինելու պատճառով: Այդ մասին Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է վարչապետը:
Ըստ նրա՝ այդ ճանապարհը դժվար ու տանջալից է եղել, բայց հաղթահարված է առաջին հերթին խաղաղություն հաստատված լինելու բերումով:
«Բայց մենք ասում ենք նաև, որ պետք է շարունակաբար հոգ տանենք, զարգացնենք, ուժեղացնենք խաղաղությունը, որովհետև աշխարհում և տիեզերքում ոչ մի բան ստատիկ չէ, ոչ մի բան նույն կետում չի մնում: Այն կա՛մ ավելի զարգանում է, կա՛մ հետընթաց է ապրում: Միջին վիճակ, չկա, և մեր խնդիրն է, որ մենք այն, ինչ արձանագրել ենք, զարգանա, մեծանա, ուժեղանա, և ի վերջո հանգեցնի այն նպատակին, որը մենք մեր առաջ դնում ենք:
Իսկ այդ նպատակը Հայաստանի պետականության հարատևությունն է, և այն, որ Հայաստանը լինի խաղաղ, կայուն, անվտանգ, զարգացած և այդ զարգացումը շարունակող երկիր»,- ասել է նա: