Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափանիշները:
Որոշմամբ ոլորտային մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների համար կսահմանվի հստակ և տարբերակված մոտեցում, որը թույլ կտա կազմակերպությունները դասակարգել ըստ դրանց գործունեության տարածքի և հանրային դերակատարության։
Ըստ այդմ՝ առաջարկվում է «համապետական» կարգավիճակը շնորհել այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը տարածվում է ՀՀ ողջ տարածքի վրա և ունի ռազմավարական նշանակություն պետության կողմից մշակութային քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Այս կարգավիճակ ունեցող կազմակերպություններն առանձնանալու են իրենց բացառիկության և ազգային մշակույթի պահպանման գործում ունեցած դերակատարմամբ: «Տարածքային» կարգավիճակ առաջարկվում է շնորհել այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը մեկ ամբողջական մարզի շրջանակներում՝ նպաստելով մշակութային կյանքի զարգացմանը մարզային մակարդակում։ «Տեղային» կարգավիճակ շնորհվելու է այն կազմակերպություններին, որոնք գործում են բացառապես համայնքային մակարդակում և սպասարկում են տվյալ համայնքի մշակութային կարիքները։
Հիմնավորման համաձայն՝ տարբերակման այս մոտեցումը կապահովի անվանումների և գործառույթների համարժեքություն, պետական քաղաքականության համակարգային իրականացում, իրավական կարգավիճակի սահմանման և վերահսկման պարզեցված ընթացակարգ։
Հաշվի առնելով ոլորտային ընդհանրություններն ու առանձնահատկությունները թատերական, երաժշտական, պարարվեստի և կինոարվեստի կազմակերպությունների նախապայմանները և չափանիշները խմբավորվել և առանձնացվել են թանգարանների, գրադարանների և արխիվների նախապայմաններից և չափանիշներից: Որոշմամբ ամրագրվում է, որ «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ շնորհում է, այն փոփոխում կամ դադարեցում է ՀՀ Կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի առաջարկությամբ: Որոշմամբ սահմանվում են նաև կարգավիճակ շնորհելու նախապայմանները և չափանիշները, ինչպես նաև կարգավիճակների շնորհման ընթացակարգերը: