ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձով: Նա իր ներկայիս քաղաքականությունը համարել է «Ամերիկայի ոսկեդարը» և այդ կուրսին է վերագրել երկրի պատմության մեջ ռեկորդային հաջողությունները, որոնք հանգեցրել են «այնպիսի վերափոխման, որի նմանը ոչ ոք երբեք չի տեսել»։ Ամերիկացի ղեկավարն այդ հայտարարությունն արել է չորեքշաբթի՝ փետրվարի 25-ին, Ներկայացուցիչների պալատում և Սենատում երկրում տիրող իրավիճակի մասին ամենամյա ուղերձում:
«Մեր ազգը վերադարձել է՝ ավելի մեծ, ավելի լավ, ավելի հարուստ և ուժեղ, քան երբևէ։ Սա Ամերիկայի ոսկեդարն է»,- հայտարարել է Թրամփը։ Մեկ տարի պաշտոնավարելուց հետո ԱՄՆ նախագահը հաջողություններ է տեսնում ամենուրեք: Ըստ Թրամփի՝ ԱՄՆ սահմաններն անվտանգ են, «տնտեսությունը զարգանում է՝ ինչպես երբեք չի զարգացել», «Ամերիկայի թշնամիներն էլ վախենում են»։
Ներքին քաղաքականության մեջ Թրամփն իրեն է վերագրել տնտեսության ոլորտում հաջողությունները՝ բենզինի գների իջեցում, գնաճի մակարդակի կայունացում և բնակարանային շուկայում ենթադրյալ լավացում: ԱՄՆ նախագահը նաև գովել է աշխարհի շատ երկրների ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը՝ ասելով, որ ապագայում դրանցից ստացված եկամուտը կարող է փոխարինել այն համակարգին, որի դեպքում ամերիկացիները եկամտահարկ են վճարում:
Թրամփի խոսքով՝ իր կառավարման մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ին հաջողվել է երկիր ներգրավել ավելի քան 18 տրիլիոն դոլար: Ըստ CNN-ի՝ այդ հայտարարությունը հեռու է ճշմարտությունից: Լրատվականը նշել է, որ նույնիսկ Սպիտակ տունն իր կայքում «ներդրումների մասին հայտարարությունների» գումարը գնահատում է 9,7 տրիլիոն դոլար, ընդ որում՝ խոսքը հենց հայտարարությունների մասին է, այլ ոչ թե ինչ-որ ամրագրված խոստումների։