ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ղեկավարությամբ մասնակցում է վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը:
«Պարո՛ն նախագահ,
հարգելի՛ գործընկերներ,
այսօր ընտրական գործընթացների նկատմամբ հիբրիդային միջամտությունն այլևս տեսական սպառնալիք չէ: Այն գործնական գործիքակազմ է, որն օգտագործվում է պետությունների քաղաքական կայունությունը խաթարելու և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը թուլացնելու համար:
Խոսքը համակարգված ապատեղեկատվական արշավների, կիբեռհարձակումների, արհեստական բևեռացման խթանման և արտաքին քաղաքական շահերով պայմանավորված ազդեցության գործողությունների մասին է:
Այս մեխանիզմները հատկապես ակտիվանում են ընտրություններին նախորդող փուլերում: Հայաստանում ևս ընտրություններին ընդառաջ մենք գործնականում արդեն տեսնում ենք նման երևույթներ: Արտաքին ազդեցության քաղաքական դերակատարները և դրանց հետ կապված տեղեկատվական ցանցերն ակտիվանում են, առաջացնում են տեղեկատվական աղմուկ, փորձում ձևավորել ներքաղաքական օրակարգ, թուլացնել հանրային վստահությունը և ազդել հանրային տրամադրությունների վրա:
Սա միայն Հայաստանի խնդիրը չէ:
Սա ժողովրդավարական ինքնիշխանության խնդիր է:
Մենք պետք է հստակ արձանագրենք՝ ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի:
Անհրաժեշտ է՝
-
ամրապնդել ընտրական գործընթացների կիբեռանվտանգությունը,
-
բացահայտել և կանխել համակարգված ապատեղեկատվական ցանցերը,
-
ապահովել ֆինանսական և քաղաքական ազդեցությունների թափանցիկությունը,
-
խորացնել միջազգային համագործակցությունը հիբրիդային միջամտությունների կանխարգելման ուղղությամբ:
Վստահ եմ, որ համագործակցության և համակարգված ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր Ասամբլեայի կողմից տեղակայված ընտրությունների դիտորդական առաքելությունների օգնությամբ մեր երկրներում ժողովրդավարությունը կշարունակի պաշտպանված մնալ»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը: