Հունաստանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի: Միջոցառման շրջանակում Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել՝ ընդգծելով, որ Հայաստան-Հունաստան հարաբերությունները ոչ միայն ռազմավարական են, այլև մարդկային:
«Հայաստանն ու Հունաստանը ամուր կապված են դարերով ձևավորված բարեկամությամբ, որը հիմնված է ոչ միայն պատմական հիշողության, այլև քաղաքակրթական նույն արժեքների վրա: Մենք երկու հնագույն ժողովուրդներ ենք, որոնց պատմությունը սկիզբ է առնում մարդկային քաղաքակրթության վաղ փուլերից, և որոնք իրենց գոյության ընթացքում բազմիցս ապացուցել են հավատարմությունն ազատության, արժանապատվության և մարդկային ստեղծագործ ոգու հանդեպ:
Հունաստանը մարդկությանը պարգևել է ժողովրդավարության գաղափարը, փիլիսոփայության և գիտության հիմնաքարերը, իսկ Հայաստանը, լինելով առաջին երկիրը, որը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն, իր ներդրումն է ունեցել համամարդկային հոգևոր ժառանգության գործում»,- ասաց նա:
Նախագահը ընդգծեց՝ երկու ժողովուրդները միասին կիսել են նաև դժվարին փորձություններ, և որ պատմական արդարության որոնումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությունը կողմերի համար ընդհանրական բարոյական պարտավորություններ են:
Ըստ ՀՀ նախագահի՝ այցը կարևոր հանգրվան է Հայաստան-Հունաստան հարաբերությունների ճանապարհին: Երկկողմ համագործակցությունը կայուն կերպով ընդլայնվում է, երկրների միջև փոխադարձ հարգանքն ու վստահությունը ստեղծում են ամուր հիմք՝ համագործակցությունը ռազմավարական գործընկերության նոր մակարդակի բարձրացնելու համար:
«Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցությամբ, ընդլայնմամբ, նաև արդարադատության, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, միջտարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերի շրջանակներում»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ, ըստ Խաչատուրյանի, երկու երկրները կայունության և խաղաղության ջատագովներ են իրենց տարածաշրջաններում:
«Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետևողական աջակցությունը Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ու միջազգային իրավունքի գերակայությանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստան-Հունաստան հարաբերությունները պաշտոնական փաստաթղթերից և համաձայնագրերից վեր են, ամրապնդված են ժողովուրդների միջև քաղաքակրթական կապերով, մշակութային փոխազդեցությամբ և փոխադարձ խոր համակրանքով: