Քննադատություն կա՝ երբ է հասցնում վարչապետը աշխատել, երբ հարվածային գործիքներ նվագել է սովորում:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ընդհանրապես բոլորին խորհուրդ է տալիս, եթե որևէ բան անելու համար ժամանակ չի հերիքում, արթնանալ մի ժամ շուտ, եթե էլի չի հերիքում, ուրեմն արթնանալ երկու ժամ շուտ, եթե էլի չի հերիքում, արթնանալ երեք ժամ շուտ:
«Իհարկե, քնի պակաս անպայման կառաջանա, բայց աշխատելու համար ժամանակը պետք է ստեղծել: Իմիջիայլոց, ժամանակին ես հիշում եմ, «Ելք» դաշինքի ժամանակ համաժողով էինք անում Կառավարության նիստերի դահլիճում, և այն ժամանակ ես ելույթներից մեկում խոսեցի նրա մասին, որ մեզ պետք է այնպես անել, որ Հայաստանում մարդիկ արթնանան ժամը 6:00-ին։ Այսօր ես արթնանում եմ ժամը 5:00-ին՝ իմ պատկերացրած Հայաստանից մի ժամ շուտ, եթե պետք լինի երկու ժամ շուտ կարթնանամ: Իսկ իմիջիայլոց ասեմ՝ հարվածային գործիքներով զբաղվում եմ հենց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան՝ քնի հաշվին»,- ասաց վարչապետը։
Եվ ինչքան ժամանակ է պետք եղել, որ այդպես նվագեք՝ հարցին, վարչապետը պատասխանեց․
«Նախ՝ ես չեմ նվագում, ես սովորում եմ նվագել: Օնլայն վճարովի պլատֆորմ կա, որտեղ մի շատ տաղանդավոր երաժիշտ, շատ տաղանդավոր ուսուցիչ այդ դասերը տալիս է: Ենթադրում եմ ինքը չգիտի, որ ես մասնակցում եմ այդ դասերին կամ չգիտեմ, գուցե գիտի: Օնլայն պլատֆորմ է, վճարովի: Ես նախորդ տարի դեռ հունիսին այդ նվերը ստանալուց հետո 250 դոլար մեկ տարվա համար վճարել եմ և այդ դասընթացներով, այդ մոդուլով մասնակցում եմ: Նրանք, ովքեր հետաքրքրված են, կարող եմ կիսվել, որովհետև ես ավելի շատ հիացած եմ այդ մարդով և իր արած աշխատանքով, թե ինչպես կարող է ինքը զրոյից ուղղակի մարդու ձեռից բռնած ուղեկցել և հարվածային գործիքներ նվագել սովորեցնել»։