Հայաստանի քաղաքական դաշտով անցավ ևս մեկ անջրպետ, ու Հայաստանում հստակ առանձնացան քաղաքական երկու էություններ՝ անցյալի ու ապագայի քաղաքական էությունները: Այդ մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ապագայի քաղաքական էությունը նշանավորում է ամերիկյան 4 մլրդ դոլարի հեռանկարն արհեստական բանականության լաբորատորիայի կամ գործարանի առումով: Ապագայի հեռանկարն իրենց հետ խորհրդանշում են ամերիկյան արտադրության հետախուզական դրոնները, ապագայի հեռանկարը խորհրդանշում է տարբեր գործընկերներից աշխարհի առաջատար ռազմարդյունաբերող երկրներից գնվող ու արդեն գնված ռազմական տեխնիկան:
Իսկ ի՞նչ է այդ պահին ուրվագծում անցյալի խորհրդանիշը կամ անցյալի քաղաքական ուժերի էությունը. սահմանին ժեշտի բանկաներ, 90-ականներին շատ պոպուլյար խոստումներ՝ խիստ պոպուլիստական, Հայաստանի ժողովրդի հետ կապ չունեցող խոսույթներ:
ՀՀ քաղաքացիներն արդեն վաղուց հաղթահարել են 90-ականները, հաղթահարել են 2000-ականները ու հաղթահարել են 2010-ականները»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, թե ՀՀ քաղաքացիներին այլևս պետք չէ դրսից եկած «կոժից կուրտկայով» մեկը, որն աշխատանք է խոստանում:
«ՀՀ քաղաքացիներն ապրում են հիմա մի երկրում, որը փաստացի առաջատար է մի շարք ոլորտներում: ՀՀ քաղաքացիներն ապրում են մի երկրում, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են խոպան, գալիս են որպես աշխատանքային միգրանտ, ու սա ՀՀ քաղաքացիները տեսնում են:
ՀՀ քաղաքացիները տեսնում են, որ իրենց երկիրն այս պահին ձեռք է բերում ամերիկյան արտադրության հետախուզական դրոն»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ քաղաքացին անվերադարձ մտել է ապագայի զարգացման ու խաղաղության դարաշրջան, և որ նրան ոչ ոք այլևս չի կարողանալու «հետ քաշել»: