Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում անվտանգության ուժերը բարձր պատրաստվածության են բերվել՝ էլեկտրոնային փոստով մի քանի դպրոցում պայթյունների սպառնալիքներ ստանալուց հետո: Այդ մասին հայտնում է The Times Of India թերթը։
Թերթի տեղեկություններով՝ ուսումնական հաստատությունների աշակերտներն ու աշխատակիցները տարհանվել են։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ստորաբաժանումներ և պայթուցիկ սարքերի վնասազերծման մասնագետներ: Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ծառայության աշխատակիցները պարզում են սպառնալիքներով էլեկտրոնային նամակների աղբյուրը և որոնում չարագործին, որը նաև սպառնացել էր այս շաբաթ պայթյուն իրականացնել Նյու Դելիի կենտրոնում գտնվող Հնդկաստանի խորհրդարանի շենքում:
Հունվարին իշխանությունները ուժեղացրել էին մայրաքաղաքի դպրոցների անվտանգությունը՝ էլեկտրոնային փոստով նմանատիպ սպառնալիքներ ստանալուց հետո: Պարզվել էր, որ դրանք բոլորը կեղծ էին։