ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ընդունել է «Ռաուլ Վալենբերգ» ինստիտուտի հայաստանյան տնօրենին, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համագործակցությունն ու առաջիկա բարեփոխումների գործառնական քայլերը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Անդրադառնալով համագործակցության պատմությանը՝ ՆԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել համատեղ իրականացրած ծրագրերը, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մասնագիտական վերապատրաստումներն ու ձերբակալվածների պահման վայրերում հանրային վերահսկողության մեխանիզմների կատարելագործման նպատակով տրամադրված փորձագիտական աջակցությունը։
Ներկայացնելով ՆԳ նախարարության ռազմավարական առաջնահերթությունները՝ Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը համընդգրկուն բարեփոխումների կարևորագույն բաղադրիչներից է։
Նա նշել է, որ նախարարության կողմից արդեն իսկ մշակվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին» նոր օրենքի նախագիծը, որի աշխատանքներում կարևոր դեր ունի միջազգային փորձագիտական աջակցությունը։ Նախարարի տեղակալը շեշտել է նաև կրթական բաղադրիչի արդիականացման անհրաժեշտությունը՝ կարևորելով ուսումնական նյութերի ու մեթոդաբանության պարբերաբար թարմացումը։
Լաուրա Միլնը վերահաստատել է ՆԳ նախարարության հետ գործընկերային այնպիսի հարաբերություններ ձևավորելու պատրաստակամությունը, որտեղ տեսական քննարկումները վերածվում են գործնական արդյունքի։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գույքագրել կարիքներն ու առաջնահերթությունները և համագործակցությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տեղափոխել գործառնական փուլ։