ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու նախագծին:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց. «Նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնին։ Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակելու օրվանից։
Ներկայումս «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 4000-ից ավելի զինծառայողներ անցնել են պայմանագրային զինվորական ծառայության, և հոսքն ավելանալու միտում ունի։ Այդ կապակցությամբ առաջարկում ենք «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվո վճար ստանալու հնարավորություն՝ 2 տարվա դեպքում՝ 1,5 մլն, 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ։ Առաջարկվող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար՝ շարունակելու պայմանագրային ծառայությունը՝ նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու Կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է ԶՈՒ-ում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ: Ընդ որում, առաջարկվող կարգավորման առաջընթաց տեսլականը նաև այն է, որ արդեն իսկ երկրորդ պայմանագրից հետո առավելագույնը 30-ամյա տարիքում ունենալով մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժ, նշված ծառայողների մեծամասնությունը կրկին կշարունակի զինվորական ծառայությունը»,- նշեց նախարարը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ նախագիծը սպասված էր։ «Ըստ էության, քննարկման արդյունքներով եկանք այն եզրահանգման, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտողներն ինչպիսի գնահատականներ կստանան, այդ գնահատականները կհամարվեն նաև ատեստացիայի արդյունքներ, ըստ այդմ կբարձրանա իրենց ատեստավորման չափը։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մեջ ընդգրկված մեր զինծառայողները, ովքեր վեց ամիս հետո հանձնում են քննություն, այս քննությունների արդյունքները դառնում են նաև ատեստավորման արդյունքներ։ Ստացվում է՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո նորավարտ լեյտենանտը ստանում է 230-250 հազար դրամ աշխատավարձ, և եթե նրա քննության արդյունքները գերազանց են, իր աշխատավարձին գումարվում է նաև 475 հազար աշխատավարձ։ Պատկերացրեք, թե ինչ մոտիվացիոն հիմք է ստեղծվում մեր երիտասարդների համար, որպեսզի ընտրեն այս մասնագիտությունը»,- նշեց Արմեն Խաչատրյանը։ Սուրեն Պապիկյանն էլ ավելացրեց, որ նորավարտ լեյտենանտը կարող է ստանալ 620-750 հազար դրամ աշխատավարձ, բայց մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում դա կարող է տատանվել մինչև 820 հազար դրամ։
«Այս նախագիծը մեր հերթական քայլն է պրոֆեսիոնալ բանակի անցման»,- ասաց պաշտպանության նախարարը: