Դեպքը, որպես այդպիսին, մտահոգում է: Տեսանյութի տարածումից անմիջապես հետո հանձնարարել եմ աշխատակազմին՝ դիմել իրավասու պետական մարմիններին՝ քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ոստիկանի մասնակցությամբ միջադեպին:
«Ամենամեծ խնդիրներից մեկը ոչ այնքան վարույթի նախաձեռնման ժամկետներն են, որքան գործերի քննության առումով խնդիրները: Գործերից շատերով քննությունը անհապաղ չի իրականացվում, բնականաբար, ապացույցների և այլնի հետ կապված հարցերի դիտանկյունից խնդրահարույց իրավիճակներ են առաջանում: Այս առումով շատ կարևորում եմ, որ իրավասու մարմինները գործերի քննության անհապաղությունը հաշվի առնեն»,- ասել է Մանասյանը:
Նախօրեին ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացրել էին, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր շրջանառվել, որում երևում է, թե ինչպես է իրավապահ համակարգի ներկայացուցիչը բռնի ուժ կիրառում և հայհոյանքներ հնչեցնում մի քաղաքացու նկատմամբ՝ փորձելով ցուցմունք կորզել:
Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։
Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում: