Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում պարտվելու դեպքում երկիրը կկորցնի անկախությունը: Միևնույն ժամանակ նա վստահ է, որ նման բան տեղի չի ունենա:
France 2 հեռուստաալիքի հետ հարցազրույցում Զելենսկին նաև դիվանագիտական լուծման հույս է հայտնել՝ նշելով, որ Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում: Զելենսկին նաև հայտարարել է, որ ինքը մշտապես գտնվում է Ռուսաստանի կողմից սպառնալիքի տակ, և իր դեմ բազմիցս մահափորձեր են կատարվել: Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում ուկրաինացի 55 հազար զինծառայող է զոհվել: Բացի դրանից՝ մեծ թվով մարդիկ անհետ կորած են:
Զուգահեռ՝ Աբու Դաբիում անցկացվում է ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը: Փետրվարի 4-ի քննարկումները տևել են 5 ժամ: Հիմնական հանդիպումից հետո աշխատանքը շարունակվել է առանձին խմբերի ձևաչափով: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցությունները որակել է «արդյունավետ»: Շփումները կշարունակվեն նաև փետրվարի 5-ին: