Աբու Դաբիում ընթանում է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը։ Մեկ օր առաջ Ռուսաստանը վերսկսել էր Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա զանգվածային հարվածները, ինչը խիստ ցրտահարությունների ժամանակ բնակելի շենքերում ջեռուցման անջատումներ է առաջացրել, հայտնում է BBC-ն։
Բանակցային գործընթացը սկսվել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան։ «Այնուհետև աշխատանքները կշարունակվեն առանձին խմբերով՝ կենտրոնանալով կոնկրետ ոլորտների վրա, որից հետո նախատեսվում է դիրքորոշումների համատեղ սինքրոնացում»,- ասել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Երկրորդ փուլը, ենթադրաբար, կտևի մինչև հինգշաբթի։ Այն սկզբում նախատեսված է եղել փետրվարի 1-ին, բայց հետաձգվել է։ Մինչ այդ օրը ուժի մեջ է եղել Ուկրաինայում էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարվածների մորատորիումը, որի համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին էր դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում առաջին բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 23-24-ը։