ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 3-ի երեկոյան հայտարարել է, որ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ իր բանակցությունները հաջող են եղել՝ Վաշինգտոնի և Բոգոտայի միջև ամիսներ տևած լարվածությունից հետո: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ «շատ լավ շփում է ունեցել» կոլումբիացի ղեկավարի հետ, որին վերջերս մեղադրել է ԱՄՆ-ին կոկաին մատակարարելու համար և խորհուրդ է տվել նրան «զգույշ լինել» Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության ամերիկյան գործողությունից հետո:
Թրամփը նշել է, որ երկու երկրներն աշխատում են նարկոթրաֆիկի դեմ պայքարում համագործակցության, ինչպես նաև Կոլումբիայի առաջնորդի, նրա ընտանիքի անդամների և հարավամերիկյան այդ երկրի ներքին գործերի նախարարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ:
Իր հերթին Գուստավո Պետրոն կոլումբիական Caracol ռադիոկայանին հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Կոլումբիայով վենեսուելական գազի արտահանման հնարավորությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաև «Կոլումբիայի ու Էկվադորի միջև առևտրային և թմրամիջոցների հարցերով հակամարտությունը»: Սպիտակ տան ղեկավարը համաձայնել է հանդես գալ որպես միջնորդ այդ վեճում, հավելել է նա: