ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը պաշտոնեական դիրքն օգտագործելով, խմբի կազմում, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու եղանակով օրինականացրել է այն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, 2013 թվականի ապրիլին տեղեկանալով, որ համապատասխան ընկերությունը համայնքում բջջային կապի կայան տեղադրելու համար ցանկանում է վարձակալության նպատակով հողամաս ձեռք բերել, նպատակադրվել է նախապես որոշված անշարժ գույքը օրենքի խախտմամբ հանել համայնքի հաշվեկշռից և գրանցել եղբոր անվամբ՝ այդ կերպ կազմակերպելով այն փաստացի իրենը դարձնելու գործընթացը։
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով պաշտոնատար անձը կազմակերպել և անցկացրել է հողամասի աճուրդ-վաճառք և, խախտելով օրենքով սահմանված կարգով աճուրդի իրականացման կարգը, աճուրդին մասնակից է դարձրել նաև եղբորն ու հողամասը վաճառել նրան:
Դրանից հետո համայնքի ղեկավարի եղբոր և հիշյալ ընկերության միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Արդյունքում՝ վարձավճարի գին կազմող 5.924.000 ՀՀ դրամը փոխանցվել է համայնքի ղեկավարի և նրա եղբոր բանկային հաշիվներին, սակայն նշված գումարն ամբողջությամբ տնօրինվել է համայնքի ղեկավարի կողմից:
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է 2021 թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին):
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերը նշված անշարժ գույքն արգելադրվել է, իսկ պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: