Ռուսական կողմը մշտական կապի մեջ է իր հայ գործընկերների հետ՝ Հայաստանում ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ: Համապատասխան գերատեսչությունները օպերատիվ վերանայում են Երևանից ստացված բոլոր հարցումները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ շաբաթական ճեպազրույցի ժամանակ:
Պատասխանելով TRIPP նախագծի վերաբերյալ հարցին՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու այդ նախաձեռնությանը մասնակցելու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության եզակի փորձը:
«Նախ՝ անհրաժեշտ է մանրակրկիտ ծանոթանալ նախագծի իրականացման և շահագործման բոլոր ասպեկտներին, քանի որ դրա մշակումը, ըստ առկա տեղեկատվության, գտնվում է սկզբնական փուլում: Ռուսական կողմի առաջարկը՝ Երևանի հետ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, մնում է ուժի մեջ»,- նշել է Զախարովան: