Հունվարի 29-ին Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 30-ին՝ ժամը 11։04-ին։
Փրկարար ծառայությունից հիշեցնում են, որ նշված հասցեում բռնկված հրդեհը մարելու նպատակով հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 9 մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23։10-ին։