Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
ՊԵԿ նախագահը կարևորելով նիստում մաքսային բարեփոխումներին ուղղված քննարկումները՝ ընդգծել է, որ կայուն և շարունակական բարեփոխումների ապահովումը, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգի անշեղ բարելավումն այն ուղին է, որով պետք է հետևողականորեն առաջ շարժվել, միաժամանակ նվազեցնելով ոլորտում առկա հնարավոր ռիսկերը։ «Այս համատեքստում խորհրդի աշխատանքը պետք է միտված լինի՝ բացառելու ցանկացած գործառույթ կամ իրադարձություն, որը կարող է խոչընդոտել նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացումը, և ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման միջոցով հասնել առավելագույն արդյունքի»,- շեշտել է Էդուարդ Հակոբյանը։
Նիստի ընթացքում ներկայացվել են ռենտգենյան պատկերների վերլուծության մոնիթորինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև մաքսային ոլորտում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գործիքակազմի ներդրման ընթացքին։ Մաքսային բարեփոխումների շրջանակում 2026 թվականի ընթացքում նախատեսվում է գործարկել EXIM տեղեկատվական հարթակը, որի ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են մի շարք նախապատրաստական աշխատանքներ։ Այն տնտեսվարողներին և ֆիզիկական անձանց հնարավորություն կտա մեկ միասնական հարթակում ստանալ արտաքին տնտեսական գործունեության, այդ թվում՝ արտահանման, ներմուծման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։ Մաքսային ոլորտի թվայնացման համատեքստում քննարկվել է նաև ցամաքային անցման կետերի թվայնացմանը միտված միջոցառումների ընթացքը։ Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման առումով առանձնակի կարևորվել է Մաքսային միասնական հաշվի համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա մեկ միասնական հաշվի միջոցով իրականացնել մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների գծով պարտավորությունների մարումը։
Նիստի ընթացքում ընդգծվել է, որ մաքսային ոլորտում նախանշված բարեփոխումների և նոր թվային համակարգերի ներդրումն էապես կբարելավի տնտեսվարողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կպարզեցվեն մի շարք ընթացակարգեր՝ նպաստելով արտաքին տնտեսական գործունեության զարգացմանը։