Շաբաթներ առաջ հասարակության շրջանում լայն արձագանք գտավ իմ ֆեյսբուքյան հրապարակումը, որը վերաբերում էր Roblox և այլ նմանատիպ խաղային հարթակների օգտագործման ընթացքում առաջացող ռիսկերին ու վտանգներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Հրապարակմանը արձագանքած, միմյանցից տարբերվող կարծիքներ ներկայացրած մի շարք ծնողների հետ քննարկումները շարունակեցինք կլոր սեղան ձևաչափով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։
Ակնհայտ է, որ այս խնդիրը հուզում է բոլորին։ Միևնույն ժամանակ քննարկումների ընթացքում հնչեցին այնպիսի մոտեցումներ, համաձայն որոնց պետությունը պետք է ոչ թե ընտրի արգելքների ճանապարհը, այլ աջակցի քաղաքացիներին՝ օգնելով գտնել առավել անվտանգ և արդյունավետ մեխանիզմներ իրենց երեխաներին առցանց միջավայրում առկա տարատեսակ վտանգներից պաշտպանելու համար։
Համոզիչ էին այն փաստարկները, որ այսօր արդեն գոյություն ունեն մի շարք գործիքներ և լուծումներ, որոնք նպաստում են առցանց հարթակներից գրագետ օգտվելուն և առցանց ռիսկերի նվազեցմանը։ Խնդիրը հիմնականում դրանց մասին իրազեկվածության պակասն է, և անհրաժեշտ է ապահովել այդ տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիների առավել լայն շրջանակների համար։
Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները և համատեղ աշխատանքը այս ուղղությամբ»,-նշել է նա։