Քուվեյթի Պետության Առևտրի և արդյունաբերության պալատում կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև
Enterprise Armenia հիմնադրամի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը, որը ներկայացրել է ներդրումների աջակցման գործող գործիքակազմը։
Համաժողովը համախմբել էր Հայաստանի և Քուվեյթի գործարար համայնքների ներկայացուցիչներին՝ հանդիսանալով արդյունավետ հարթակ երկկողմ համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային հնարավորությունների քննարկման համար։
Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգին, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության և համատեղ ներդրումային ծրագրերի զարգացման հեռանկարներին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է Հայաստան–Քուվեյթ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահողը։