ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հունվարի 26-ին Եվրախորհրդարանի պաշտպանության և արտաքին գործերի հանձնաժողովների անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տեսանելի ապագայում Եվրոպան չի կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի օգնության։
Այս առումով նա Միացյալ Նահանգների միջուկային հովանոցն անվանել է «մեր ազատության գլխավոր երաշխավոր» և «հաջողություն» մաղթել նրանց, ովքեր չեն կիսում իր դիրքորոշումը։
Ռյուտեն նաև նշել է, որ «ԱՄՆ-ն նույնքան հետաքրքրված է ՆԱՏՕ-ով, որքան Կանադան և ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները»։
Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ եթե Եվրոպան իսկապես ցանկանում է «գործել անկախ», ապա յուրաքանչյուր երկրի համար պաշտպանական ծախսերը պետք է աճեն մինչև ՀՆԱ-ի 10%-ը, այլ ոչ թե 5%-ը, ինչպես ՆԱՏՕ-ի անդամները համաձայնության են եկել 2025 թվականի հունիսին։ Նա ևս մեկ խնդիր է համարել եվրոպական միջուկային ներուժի ավելացումը. «ամերիկյան հովանոցի» կորստի դեպքում դա կարժենա «միլիարդավոր եվրոներ»:
Ռյուտեն նաև քննադատել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը։ Ըստ նրա՝ նման միությունը, ազգային զինված ուժերից բացի, կստեղծի «բազմաթիվ կրկնօրինակ կառույցներ», որոնք կբարդացնեն իրավիճակը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները մեկնաբանել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: «Ո՛չ, սիրելի՛ Մարկ Ռյուտե, եվրոպացիները կարող են և պետք է պատասխանատվություն կրեն իրենց սեփական անվտանգության համար։ Նույնիսկ Միացյալ Նահանգներն է համաձայն դրա հետ։ Դա ՆԱՏՕ-ի եվրոպական հենարանն է»,- գրել Է նա X-ի իր էջում։