ԱՄՆ-ում ձյան առատ տեղումներից և սառնամանիքից տուժել է 24 նահանգ, սառույցը ավերում է էլեկտրահաղորդման գծերը, կոտրում ծառերը, մոտ մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ԱՄՆ-ի արևելքում տրանսպորտը խափանված է։ Հարավում տուժած շրջանների, մասնավորապես, հյուսիսային Տեխասի բնակիչներն ասում են, որ փողոցները վերածվել են սահադաշտերի, հաղորդում է BBC-ն։
Կիրակի ավելի քան 10000 չվերթ չեղարկվել է, իսկ ավելի քան 930 չվերթ հետաձգվել է վատ եղանակի պատճառով։
Առատ ձյուն է կանխատեսվում լայն տարածքում՝ Օհայո գետի հովտից մինչև ԱՄՆ-ի հյուսիս-արևելք։
24 նահանգի, այդ թվում՝ Արկանզասի, Ջորջիայի, Տեխասի, Հյուսիսային Կարոլինայի և Հարավային Կարոլինայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել՝ վերականգնման աշխատանքներին նախապատրաստվելու համար։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ երկուշաբթի սպասվում է սաստիկ ցրտերի, սառցե անձրևների և ուժգին քամու ռեկորդային երկար ժամանակահատված: Այդ ամենը զգալիորեն բարդացնում է արտակարգ ծառայությունների աշխատանքը։