Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առաջին փուլը, դրանք կշարունակվեն նաև այսօր։
Կիևի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ հանդիպումը «նվիրված էր ռուսական պատերազմի դադարեցման պարամետրերին և բանակցային գործընթացի հետագա տրամաբանությանը՝ հասնելու արժանապատիվ և երկարատև խաղաղության»։
Զելենսկին հայտնել է, որ մանրամասն զեկույցներ է ստանում ուկրաինական թիմից: Ուկրաինայի նախագահը նշել է, որ «դեռ վաղ է եզրակացություններ անել» բանակցությունների բովանդակության վերաբերյալ, սակայն հարկավոր է ռուսական կողմից որոշ պատասխաններ ստանալ և համոզվել, որ Մոսկվան պատրաստ է դադարեցնել պատերազմը: Զելենսկին տեղեկացրել է, որ Աբու Դաբիում օրակարգում է մասնավորապես Դոնբասի հարցը:
Կրեմլից էլ նշում են, որ հակամարտության կարգավորման աշխատանքներում առաջընթաց կա։ Ավելի վաղ Մոսկվայից հայտարարել էին՝ առանց տարածքային հարցը լուծելու երկարաժամկետ կարգավորման հույս չկա: