Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Կրեմլում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ տևել է ավելի քան երեքուկես ժամ։
«Nice to meet you again»՝ Պուտինի անգլերեն ողջույնին ի պատասխան, Ուտկոֆը նշել է, որ ինքը ևս ուրախ է Պուտինին տեսնելու համար։
Մոսկվա թռիչքից առաջ Ուիտկոֆը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը գտնվում է վերջնական փուլում և մնում է ընդամենը «մեկ հարցի» լուծում՝ չմանրամասնելով ինչի մասին է խոսքը։
Պուտինը նաև պլանավորել էր հատուկ բանագնացի հետ քննարկել Ռուսաստանի կողմից Խաղաղության խորհրդին 1 միլիարդ դոլարի ներդրումը՝ օգտագործելով ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվները։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը և նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
ԱՄՆ-ն բանակցություններում ներկայացրել են Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, և Դաշնային գնումների ծառայության հանձնակատար Ջոշ Գրյունբաումը։ Թրամփը վերջերս Գրյունբաումին նշանակել է իր ստեղծած Խաղաղության խորհրդի գործադիր կոմիտեի ավագ խորհրդական։
Բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում՝ առանց մամուլի հայտարարությունների կամ փաստաթղթերի հրապարակման։
Հանդիպումից հետո նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ բանակցությունները «չափազանց անկեղծ և վստահելի» են եղել։ Նա հավելել է, որ կողմերը մանրամասն քննարկել են միջազգային օրակարգի հիմնական հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության ապագա ձևաչափերը։
Ուշակովը նաև հայտարարել է, որ առանց տարածքային հարցի լուծման անհնար է հուսալ, որ Ուկրաինայի հակամարտությունը երկարաժամկետ կարգավորում կունենա։ Նա ընդգծել է, որ այս թեման համարվում է առանցքային խաղաղության գործընթացի հեռանկարների քննարկման համատեքստում։
«Գլխավորն այն է, որ մեր նախագահի և ամերիկացիների միջև այս բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ հաստատվեց, որ առանց տարածքային հարցը լուծելու` Անքորիջում համաձայնեցված բանաձևի, երկարաժամկետ կարգավորման հասնելու հույս չկա», - ասել է նա։
Կրեմլում գիշերային հանդիպումից հետո կողմերը համաձայնել են շարունակել շփումները։ Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Աբու Դաբիում։