Աբու Դաբիում բանակցությունները սկսվել են, հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանը՝ նշվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Բանակցությունները կտևեն երկու օր՝ հունվարի 23-ին և 24-ին, մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները։
Սպիտակ տունը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ ամերիկյան կողմը կներկայացնեն նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, Դաշնային գնումների ծառայության հանձնակատար Ջոշ Գրյունբաումը և ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։
Ռուսական կողմից բանակցություններին կմասնակցեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ՝ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ։ Ուկրաինան կներկայացնեն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Խնատովը։
Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում կայացած հանդիպման թեմաների շարքում նշել է «Դոնբասի հարցը»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնբասը Ռուսաստանի «պատմական տարածք» է, և որ Ռուսաստանը այն կվերադարձնի ռազմական կամ այլ միջոցներով։