Վազգեն Գալստանյանի կողմից կազմակերպված և ղեկավարվող՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, անտեսելով Ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջ-հորդորները, ի թիվս հասարակական կարգը խախտող այլ արարքների, շիշ և տարբեր առարկաներ են նետել ծառայութուն իրականացնող՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների և Արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Խուլիգանական գործողությունների ընթացքում Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը և Մեսրոպ Եսայանը ծխարձակող առարկաներ են նետել Ոստիկանության ծառայողների ուղղությամբ:
Դատախազը Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի և Մեսրոպ Եսայանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն):
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025 թվականի մայիսի 27-ի դատավճռով ճանաչել և հռչակել էր մեղադրյալներ Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի և Մեսրոպ Եսայանի անմեղությունը՝ ներկայացված մեղադրանքում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի մայիսի 27-ի դատավճռի դեմ դատախազի կողմից բերվել էր վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քրեական դատարանի 2026 թվականի հունվարի 22-ի որոշմամբ բավարարվել է. քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան` նոր քննության»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: