Ազգային ժողովի՝ հունվարի 23-ին արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0:
Նախքան նախագծի ընդունումը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ելույթի շրջանակում հայտարարեց, որ ընդունվել է օրենքի նախագիծ, որով խափանվում է դիտորդական առաքելությունների անվան քողի ներքո քաղաքական միավորների մուտքն ընտրատեղամասեր, որտեղ վերջիններս ենթադրաբար ոչ թե ընտրական գործընթացների վերահսկողություն պետք է իրականացնեն, այլ քաղաքական ուղղորդումներ:
Նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշել էր, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ դիտորդը պետք է լինի անկողմնակալ և չեզոք, իսկ դիտորդական առաքելությունները չպետք է աջակցեն ընտրություններին մասնակցող կուսակցություններին, սակայն գործող օրենսդրությունը միաժամանակ բավարար մեխանիզմներ չի սահմանում առ այն, թե ինչ է տեղի ունենում, երբ այս կանոնը խախտվում է: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է, որ, օրինակ, ԿԸՀ-ն իրավունք ունի վարույթ հարուցել և ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը:
Արուսյալ Ջուլհակյանը նաև տեղեկացրել էր, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են փոփոխություններ:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել էր արտահերթ նիստը և լքել դահլիճը: