Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ըստ պատգամավորի՝ արտահերթ նիստի մեկնարկից առաջ՝ խորհրդի նիստի ժամանակ, առաջարկ է արվել հետաձգելու նախագծի քննարկումը:
«Առաջարկություն ներկայացրինք հետաձգելու [ԱԺ արտահերթ նիստը-խմբ.], որպեսզի թե՛ միջազգային ներկայացուցիչների ներգրավման, թե՛ դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպությունների ներգրավման, նաև հանրային քննարկման միջոցով ունենանք օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ և դրա հիման վրա՝ նորմալ եզրակացություն, սակայն մերժում ստացանք, ոչ միայն մերժում...
Անընդունելի ենք համարում նման վարքագիծը, սա հերթական փորձն է՝ ընտրական գործընթացներն ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելուն և ընտրակեղծիքներն օրինականացնելուն միտված: Այս ամենն ընդունելի չէ, մերժելի է»,- ասաց պատգամավորը՝ հայտարարելով, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քննարկմանը, և լքեցին դահլիճը:
Այս համատեքստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության բացակայություններին:
«Չմասնակցելու հետ կապված՝ պիտի բացակաները ներկայացնեմ: Ասեմ, որ ԱԺ գումարումից այս կողմ՝ 4,5 տարվա ընթացքում, ունեցել ենք 244 նիստ, և, այսօր, օրինակ, պարոն Իշխան Սաղաթելյանի 100-րդ հոբելյանական բացակայությունն է: Շնորհավորում ենք»,- ասաց ԱԺ խոսնակը, և դահլիճում ծափեր հնչեցին:
Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, քննարկվում է «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: