Ազգային ժողովի՝ հունվարի 23-ին արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որում առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություն էր տեղի ունեցել:
Հիմնական զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրեց, որ փոփոխությունը վերաբերում է դիտորդական առաքելության կողմից իր դիտորդների ցուցակում կատարվող փոփոխություններին: Այն է՝ դիտորդական առաքելությունն իրավունք ունի քվեարկությունից 3 օր առաջ փոփոխություններ կատարել իր դիտորդների ցուցակում՝ հավատարմագրելով նոր դիտորդների:
«Տարանջատում ենք ուզում մտցնել այն դիտորդների համար, որոնք հավատարմագրվում են լոկալ ՀԿ-ի կողմից, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն: Այսինքն՝ ընդհանուր կանոնը որն է՝ քվեարկությունից առաջ 3 օր վերջնաժամկետը, որը տարածվում է բոլոր դիտորդական կազմակերպությունների վրա՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային, մենք միայն տեղական դիտորդական կազմակերպությունների համար ժամկետը երկարացնում ենք քվեարկությունից 15 օր առաջ այն դիտորդների մասով, որոնք ՀՀ քաղաքացիություն չունեն»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքը միջազգային դիտորդական առաքելություններին չի վերաբերում, քանի որ վերջիններիս դիտորդները ՀՀ-ում առաքելություն կարող են իրականացնել միայն ՀՀ ներկայացուցիչների հրավերով, երբ, օրինակ, նրանց հրավիրում են ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ԿԸՀ հանձնաժողովը, և որոնց հավատարմագրումը կատարվում է ԿԸՀ-ի կողմից, բայց ԱԳՆ-ի միջոցով:
Եվս մեկ փոփոխության համաձայն՝ որոշում է կայացվել նույնացնել դիտորդական առաքելությունների հավատարմագրման դիմումների վերջնաժամկետը կուսակցությունների գրանցման դիմում ներկայացնելու վերջնաժամկետի հետ: