Հարգելի գործընկերներ, ես ճի՞շտ եմ հասկանում, որ դուք քաղաքականությունից դուրս եք եկել, ձեզ ասել են՝ դուրս եկեք քաղաքականությունից: Այս խոսքերով «Հայաստան» դաշինքի անդամներին դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Պատգամավորի խոսքով՝ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանց հրահանգվել է դուրս գալ քաղաքականությունից:
Ալեքսանյանի խոսքերին ի պատասխան՝ դահլիճից հնչեցին վանկարկումներ, պատգամավորը խնդրեց չընդհատել իրեն:
«Հարգելի՛ գործընկերներ, ինձ մոտ տպավորություն է՝ դուք դուրս եք եկել քաղաքականությունից, եթե դուք դուրս չեք եկել քաղաքականությունից, ասեք՝ դրա մասին իմանանք, որովհետև ակնհայտ է, որ անցողիկ շեմը հաղթահարելու ձեր շանսերը շատ ցածր են: Ամբողջ տրամաբանությունը հուշում է՝ ձեզ ասել են՝ դո՛ւրս եկեք քաղաքականությունից, մի՛ խոսեք, մի՛ երևացեք, դուք իջեցնում եք ընդդիմադիր դաշտի վարկանիշը, ձեր փոխարեն ձեր մյուս թևը պետք է զբաղվի քաղաքականությամբ՝ ռուսական օլիգարխի կուսակցությունը:
Եթե այդպես է, ասեք իմանանք, եթե այդպես չի, էլի ասեք իմանանք, որովհետև բոլոր փաստերը առնվազն տանում են նրան, որ այդպիսի որոշում է կայացվել, դե դուք էլ կատարող մարդիկ եք, չեք կարող չկատարել»,- հայտարարեց Ալեքսանյանը: