Հունվարի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում նախարար Պապոյանը կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը՝ որպես գործարար կապերի ամրապնդման և առևտրատնտեսական հարաբերությունների խորացման արդյունավետ հարթակ։
Նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է գնում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանների բացման ուղով, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային տնտեսական համագործակցության և ներդրումների համար։
«Հայաստանն ու Մեքսիկան ունեն համագործակցության մեծ ներուժ, որն այս պահին ամբողջությամբ իրացված չէ։ Վստահ եմ, որ համատեղ և նպատակային աշխատանքի շնորհիվ կարող ենք էականորեն ակտիվացնել տնտեսական կապերը և կյանքի կոչել նոր փոխշահավետ նախաձեռնություններ»,- նշել է նախարար Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության հեռանկարները ագրոարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։
Կողմերը կարևորել են տնտեսական երկխոսության ակտիվացումը և պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությունը քննարկված հարցերի շուրջ։