Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հերքել է ՆԱՏՕ-ի փլուզման մասին ենթադրությունները, նշելով, որ Եվրոպան ներկայումս ստեղծում է նոր, ավելի ուժեղ դաշինք։
«Ստեղծվում է ավելի ուժեղ ՆԱՏՕ, քան սառը պատերազմի ավարտից հետո էր։ Եվրոպան ունակ է պաշտպանվելու: Մենք ստեղծում ենք նոր ՆԱՏՕ, որտեղ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն կստանձնի»,- ասել է Ստուբը չորեքշաբթի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կազմակերպված «Կարո՞ղ է Եվրոպան պաշտպանվել» խորագրով պանելային քննարկման ժամանակ, գրել է Helsingin Sanomet թերթը։
Ֆինլանդիայի նախագահը հումորով շրջանցել է հարցը, թե ով կամ ինչպես կարող է լուծել Գրենլանդիայի շուրջ վերջին լարվածությունը՝ ասելով՝ Մարկ Ռյուտեն, ինչն առաջացրել է լսարանի և անձամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ծիծաղը։
Ռյուտեն ճիշտ է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Արկտիկայի պաշտպանությունն ամրապնդելու հարցում՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի քաղաքականության պատճառով։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Պեկինի ակտիվության աճը պայմանավորված է տարածաշրջանային ծովային ուղիների զարգացմամբ, միաժամանակ ընդգծել, որ «ամեն ինչ պետք է լուծվի հաշվարկված դիվանագիտության միջոցով»։