Կանադան չի վճարի 1 միլիարդ ԱՄՆ դոլար Ամերիկայի «Խաղաղության խորհրդին» միանալու համար, երեքշաբթի հայտարարել է երկրի ֆինանսների նախարարը Շվեյցարիայի Դավոս քաղաքում, որտեղ նա մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումին։
Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը նշել է, որ խորհրդի շրջանակը դեռ ամբողջական չէ, պարզ չէ, թե որոնք են լինելու այդ խորհրդի լիազորությունները, թե ինչպես է այն գործելու: Նա նաև նշել է, որ Կանադան կարող է միանալ Թրամփի վարչակազմի Խաղաղության խորհրդին, եթե վճարը չեղարկվի՝ հաղորդել է CBC News-ը։
«Վարչապետը վերջնական որոշում կկայացնի, երբ հայտնի դառնան բոլոր փաստերը, և բոլոր մանրամասները համաձայնեցվեն, դրանք պետք է բխեն Կանադայի շահերից»,- հավելել է ֆինանսների նախարարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաշխարհային 60 առաջնորդի հրավիրել է միանալ խորհրդին: Որոշ ղեկավարներ մտավախություն ունեն, որ Խաղաղության խորհուրդը կզբաղվի նոր գլոբալ հակամարտություններով և կարող է ուզուրպացնել ՄԱԿ-ը: