Հունվարի 27-ը կնշվի որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Օրենքի նախագիծն ԱԺ-ն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 69 կողմ, 15 դեմ ձայներով: Այն ուժի մեջ կմտնի հրապարակումից անմիջապես հետո: Այսինքն՝ առաջիկա հունվարի 27-ին այն կնշվի, օրը կլինի ոչ աշխատանքային:
Բացի այս նախագծից՝ խորհրդարանն ընդունել է նաև երեկ քննարկված մի շարք նախագծեր, այդ թվում՝ առաջին ընթերցմամբ՝ Հայկ Սարգսյանի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստան և ընտրելով առաջարկվող 5 տարբերակներից մեկը՝ 24 ամիս ծառայելուց մինչև 15 մլն դրամ պետբյուջե վճարում:
Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որի շուրջ բուռն քննարկումները սկսվել էին երեկ, շարունակվել այսօրվա նիստում:
Նիստի մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։