«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, կարևորելով գյուղատնտեսության դերը երկրի զարգացման գործում, մեկնարկում է «Գյուղական զբոսաշրջություն» պիլոտային ծրագիրը (Գաստրոբակ), որի նպատակն է խթանել գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը՝ ընտրված շահառու-ընտանիքներին տրամադրելով ոլորտային կրթություն, խորհրդատվություն և նպատակային աջակցություն՝ իրենց տունն ու տնտեսությունը զբոսաշրջային գրավիչ ծառայության վերածելու համար։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։
Ծրագիրը միտված է համայնքներում սոցիալական ձեռներեցությունների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանն ու արտագաղթի կանխմանը՝ հատկապես փոքրաթիվ բնակչություն ունեցող գյուղերում։
«Այսօր հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և ծրագրի ղեկավար Ստելլա Սարուխանյանը աշխատանքային այցով մեկնել են Արագածոտնի մարզ՝ հանդիպելու Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի նպատակներն ու ընթացակարգերը, քննարկվել են համայնքի առանձնահատկությունները և գյուղական զբոսաշրջության զարգացման առկա հնարավորությունները։
Քննարկումների արդյունքում պիլոտային փուլի համար ընտրվեցին Ոսկեթաս, Դաշտադեմ և Գառնահովիտ գյուղերը։ Յուրաքանչյուր բնակավայրից ծրագրին կմասնակցի 15–20 ընտանիք, ովքեր կանցնեն գործնական ուղղվածությամբ դասընթացներ՝ ձեռք բերելով գյուղական զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ հմտություններ՝ կազմակերպումից և սպասարկումից մինչև առաջխաղացում և կայուն զարգացում։ Ծրագրի ավարտին յուրաքանչյուր գյուղից կընտրվի մեկ ընտանիք, ով կստանա 3 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն իր տնտեսության հիմնման և զարգացման համար:
Նշենք, որ Թալին համայնքը ընտրվել է որպես պիլոտային փուլի ուղղություն՝ հաշվի առնելով, որ համայնքում գյուղական զբոսաշրջությունը զրոյական վիճակում է գտնվում, ինչը միաժամանակ մեծ մարտահրավեր և մեծ հնարավորություն է՝ ձևավորելու նոր մշակույթ, խթանելու նախաձեռնողականությունը և վստահություն ներշնչելու գյուղաբնակներին, որ նրանք կարող են դառնալ սոցիալական ձեռներեցության հիմնադիր ու զարգացնող։
Առաջիկա երկու օրերին՝ հունվարի 20-ին և 21-ին, նշված գյուղերում կանցկացվեն իրազեկման հանդիպումներ՝ ծրագրի շրջանակների, մասնակցության պայմանների և հնարավորությունների ներկայացման նպատակով։ Հանդիպումները կանցկացնեն հիմնադրամի «Գյուղական զբոսաշրջություն» ծրագրի ղեկավար Ստելլա Սարուխանյանը, Թալինի Զարգացման ծրագրերի և զբոսաշրջության բաժնի առաջատար մասնագետ Ռազմիկ Ազարյանը և բաժնի պատասխանատու Մնացական Ներսիսյանը։ Հանդիպումներից հետո ընտրված ընտանիքներին սպասվում են մեկուկես ամսյա օնլայն դասընթացներ զբոսաշրջության, գյուղատնտեության, ձեռներեցության և այլ առընթեր ոլորտների առաջատար փորձագետների կողմից:

Հանդիպմանը ներկա էին նաև կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լուսինե Ավագյանը, ինչպես նաև համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Խաչատրյանը, ովքեր կարևորեցին ծրագրի մեկնարկը համայնքում և շնորհակալություն հայտնեցին հիմնադրամին՝ Թալինը որպես պիլոտային փուլում առաջին համայնք ընտրելու համար։ Նրանք պատրաստակամություն հայտնեցին մշտապես աջակցել ծրագրի գործընթացներին, որպեսզի գրանցենք շոշափելի արդյունքներ, հասնենք հաջողության և շարունակենք ծրագիրը ՀՀ մյուս համայնքներում:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հիմնադրամը իր բոլոր ծրագրերում առանձնահատուկ կարևորում է կրթական բաղադրիչի առկայությունը, քանի որ մեր առաքելության իրականացման ամենամեծ երաշխիքը գիտելիքով և անհրաժեշտ հմտություններով զինված շահառուն է։ Ինչպես հիմնադրամի գրեթե բոլոր նախաձեռնություններում, այս ծրագրում ևս մասնակիցները կանցնեն նպատակային դասընթացներ, որոնք նրանց հնարավորություն կտան ոչ միայն հիմնել և զարգացնել սեփական սոցիալական ձեռներեցությունը, այլև իրենց ձեռք բերած գիտելիքներով նպաստել համայնքի զարգացմանը, ներգրավվել ստեղծվող բիզնեսներում և ապահովել համայնքային կայուն զարգացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։