Նախագծով առաջարկվում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով, ամուսնալուծության, ծնողական իրավունքների իրականացման, ներառյալ երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու, հայրությունը որոշելու, ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով:
Վերոնշյալ կարգավորումը «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում:
Գործող կարգավորումներով պետական տուրքի վճարումից ազատված են այն հայցվորները, որոնք «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով դիմում են դատարան: Փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնություն գործադրած անձանց կողմից վարչական դատավարության կարգով բողոքարկվում են ոստիկանության կիրառած պաշտպանության միջոց նախազգուշացումն ու անհետաձգելի միջամտության մասին որոշումները: Բռնության ենթարկված անձինք ստիպված են լինում նախ վերաքննության, ապա նաև վճռաբեկության կարգով բողոքարկել վարչական դատարանների դատական ակտերը՝ առանց պետական տուրքի մասով արտոնյալ պայմանների: Զարուհի Բաթոյանի խոսքով ստեղծվում է իրավիճակ, երբ ֆիզիկական կամ հոգեբանական ծանր վիճակում հայտնված անձինք ունենում են նաև սոցիալական խնդիրներ: Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները փաստում են, որ ֆինանսական խնդիրները թույլ չեն տալիս շահառուներին օգտվելու դատական պաշտպանությունից: Այս նախագծի նպատակը դատական մատչելիությանը նպաստելն է:
Հարակից զեկույցում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն էլ բարձրաձայնել է Կառավարության դրական դիրքորոշման մասին: