Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Սպիտակ տան ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ Կիևն ակտիվորեն աշխատում է Վաշինգտոնի հետ կարևոր փաստաթղթերի և համաձայնագրերի ուղղությամբ։
Զելենսկին հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն ռուս-ուկրաինական կարգավորման դիվանագիտական ջանքերին: Ուկրաինայի նախագահն ընդգծել է անվտանգության երաշխիքներիև երկրի վերականգնման փաթեթի վերջնականացման կարևորությունը։
«Խնդիրն այդ փաստաթղթերը շտապ ստորագրելու մասին չէ։ Կարևոր է երաշխավորել, որ Ուկրաինան պատերազմից հետո ձեռնունայն չմնա ու նաև ֆինանսական աջակցություն ստանա»,- հավելել է Զելենսկին։
Ակնկալվում է,որ Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա Մայամիում:
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել էր Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստ է ռուս-ուկրաինական կարգավորման գործարքի, մինչդեռ Կիևը խոչընդոտում է գործընթացը: Նա հայտարարել էր՝ իր երկիրը երբեք չի խոչընդոտել և չի խոչընդոտի խաղաղությունը։
«Ռուսական հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և Ուկրաինան ոչնչացնելու փորձերն ապացուցում են, որ Մոսկվային խաղաղության համաձայնագրեր պետք չեն»,- շեշտել է Զելենսկին։ Նա հավելել էր, որ ռուսական հարվածների հետևանքով ուկրաինացիները 20-30 ժամ մնում են առանց էլեկտրականության: