ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը հանդիպել է Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայի նախագահի պաշտոնը ստանձնած Դելսի Ռոդրիգեսի հետ:
Արևմտյան ԶԼՄ-ների տվյալով՝ հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ: Նշվում է, որ Ջոն Ռետկլիֆը Կարակաս է մեկնել Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ՝ փոխանցելու, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է երկկողմ հարաբերությունների բարելավում։
Ռետկլիֆը և Ռոդրիգեսը քննարկել են երկրների միջև տնտեսական գործակցության հեռանկարը և այն, որ Վենեսուելան այլևս չպետք է վտանգ ներկայացնի ԱՄՆ-ի համար:
ԿՀՎ տնօրենի հետ բանակցություններին ընդառաջ Ռոդրիգեսը հանդես էր եկել ելույթով, հայտարարել, որ պատրաստվում են բարեփոխումներ իրականացնել նավթարդյունաբերության ոլորտում և օտարերկրյա ներդրումներ ներգրավել։ Նրա խոսքով՝ ստացված միջոցները կարող են ուղղվել նաև այլ ոլորտների զարգացմանը, տարբեր ենթակառուցվածքների վերականգնմանը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ ամերիկյան նավթային ընկերությունները կաշխատեն Վենեսուելայում, իսկ ստացված շահույթը կծառայի ի շահ Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովուրդների: