Հունվարի 1-ից Չինաստանը դադարել է էլեկտրաէներգիա գնել Ռուսաստանից, և, հավանաբար, գնումներն այս տարի չեն վերսկսվի՝ գրել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Թերթի տվյալներով՝ Չինաստանը հրաժարվել է ներմուծել նույնիսկ պայմանագրում նշված նվազագույն 12 ՄՎտ ծավալը։
Չինաստանի պետական էլեկտրացանցային կորպորացիայի և Ռուսաստանի «Ինտեր ՌԱՕ»-ի միջև 2012 թվականին կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2037 թվականը և նախատեսում է մոտ 100 միլիարդ կիլովատ/ժամի մատակարարում ամբողջ ժամանակահատվածի համար։ Ռուսական ընկերությունը Չինաստանին վաճառել է Ռուսաստանի Հեռավոր արևելքում, հիմնականում «ՌուսՀիդրո»-ի հիդրոէլեկտրակայաններում արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան։
Մատակարարումների դադարեցումը, ըստ «Կոմերսանտի», պայմանավորված է նրանով, որ ՌԴ-ում արտադրված էլեկտրաէներգիայի արտահանման գինը գերազանցել է ՉԺՀ-ի ներքին գները: «Ինտեր ՌԱՕ»-ն հայտարարել է, որ Չինաստանի հետ էներգիայի արտահանման պայմանագիրը մնում է ուժի մեջ, և Մոսկվան այն լուծելու ծրագրեր չունի: «Չինական կողմը, որի հետ մենք մշտական կապի մեջ ենք, նույնպես չի հայտնել պայմանագիրը լուծելու որևէ հետաքրքրություն»,- նշել է ընկերությունը: