«Ձեր ֆինանսական միջոցները վտանգված են»․ սա զեղծարարների ամենահաճախ օգտագործվող արտահայտություններից է, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
«Կիբեռմարտահրավերի» հերթական թողարկմանը ՆԳՆ Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը ներկայացնում է, թե ինչպես են զեղծարարները կեղծ հաշիվների միջոցով թիրախավորում քաղաքացիներին՝ ներկայանալով իրավապահ կառույցի աշխատակից։
Զեղծարարները հեռահաղորդակցության տարբեր հարթակներում՝ WhatsApp, Telegram, Viber, ստեղծում են կեղծ հաշիվներ, օգտագործում հանրության շրջանում ճանաչում ունեցող անձանց լուսանկարներ և կապ հաստատելով քաղաքացիների հետ՝ նշում են, որ գտնվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո։ Քաղաքացիներին հայտնում են, որ նրանց ֆինանսական միջոցները վտանգված են, անհրաժեշտ են «կանխարգելիչ քայլեր»՝ գումարը կանխիկացնել և փոխակերպել կրիպտոակտիվների։
«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները իրավունք չունեն հեռախոսազանգի միջոցով որևէ քաղաքացու պարտադրել կանխիկացնել ֆինանսական միջոցները կամ փոխանցել այլ հաշիվների։
Կիբեռհանցագործությունների զոհ չդառնալու համար հետևեք «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքին կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)»,-հայտնում են ՆԳՆ-ից։