Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել հունվարի 14-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Առաջարկվում է գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) ու որոշումների բողոքարկման դեպքում չկասեցնել գնման գործընթացը, եթե տվյալ գործընթացի հրավերը պարունակել է տեղեկություն գործընթացը հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է հարցն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: