Հանրության գերակա շահն ապահովելու նպատակով սեփականության օտարման հարաբերություններն այժմ կարգավորվում են համապատասխան օրենքով և չնայած օրենսդրական կարգավորումների շարունակական կատարելագործմանը՝ կան մի շարք խնդիրներ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ին գումարված հերթական նիստում ներկայացնելով ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:
Նախարարի խոսքով՝ սեփականատերը դեռևս չունի օտարման գործընթացում գնահատման վրա իրական ազդեցություն ունենալու հնարավորություն: Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումները երբեմն բավարար չափով հիմնավորված կարող են չլինել. օտարվող սեփականության գնահատման, դրա նկարագրության արդյունքում առկա են որոշակի խնդիրներ, որոնք, ըստ Սրբուհի Գալյանի, շտկման կարիք ունեն:
Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է օրենքով նախատեսել հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումների հիմնավորվածության բարձրացմանն ուղղված կարգավորումներ` օրենքով սահմանելով հանրության գերակա շահ ճանաչելու որոշումների կայացման մեթոդաբանությունը և կատարելագործել նշված որոշումների բովանդակությանն առաջադրվող պահանջները: Առաջարկվում է նաև օտարվող գույքերի սեփականատերերի համար նախատեսել ձեռքբերողի կողմից առաջարկվող փոխհատուցման չափին համաձայնելու համար խրախուսական գործիքակազմ` սահմանելով գործող կարգավորման համեմատությամբ եւս 15 տոկոս ավելի բարձր չափով փոխհատուցում ստանալու հնարավորություն, օտարվող գույքի սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցող այլ անձանց համար երաշխավորել սեփականության գնահատման գործընթացում առավել մրցակցային հնարավորություններ: Կկատարելագործվեն օտարվող սեփականության նկարագրության կազմման հարաբերությունները և գույքի գնահատման վերաբերյալ կարգավորումները` նախատեսելով գույքը գնահատելիս հաշվի առնվող հանգամանքները, վթարային գույքի գնահատման և շուկայական արժեքի, ինչպես նաև գույքային իրավունքների շուկայական արժեքի որոշման առանձնահատկությունները:
Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում կկատարելագործվեն հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Արդյունքում կբարձրանա Կառավարության համապատասխան որոշումների հիմնավորվածությունը, կբարելավվեն ու կհստակեցվեն վարույթային և դատավարական ընթացակարգերը:
Արդարադատության նախարարը նշել է, որ նախագիծն ուղարկվել է նաև Վենետիկի հանձնաժողով ու ստացել դրական եզրակացություն:
Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը, կարևորելով ներկայացվող օրենսդրական փաթեթի ընդունումը, ընդգծել է, որ դրանով նաև դատարանների ծանրաբեռնվածությունը կթեթևանա:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: