Հունվարի 13-ին դեսպան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի ղեկավար Ֆանի Դելպիին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության գործում ԶՖԳ դերակատարումը, ինչը վերջին տարիներին ավելի է ընդլայնվել։
Անդրադառնալով տարիներ ի վեր ձևավորված Հայաստան-ԶՖԳ արդյունավետ համագործակցությանը՝ մատնանշվել են Հայաստանում ԶՖԳ-ի կողմից իրականացված ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպես նաև ընթացքում գտնվող ու նախանշվող նախագծերը։
Գործակցության ինստիտուցիոնալացման ու ռազմավարական երկխոսության հաստատման առումով կարևորվել են ՀՀ Կառավարություն-ԶՖԳ նախորդ տարի առաջին խորհրդակցությունների անցկացումն ու դրա շարունակականության ապահովումը։
Ընդգծվել է Հայաստանում ԶՖԳ գրասենյակի բացման կարևորությունը, ինչն էլ ավելի կխթանի Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական կապերն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունների իրականացումը։