Անվտանգության և մաքսային հսկողության հատվածում նշվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի: Այդ մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով TRIPP-ի մասով ձեռք բերված պայմանավորվածություններին:
«Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործողությունները կիրականացնեն սահմանային կառավարում՝ միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները և օգտագործելով Front Office, Back Office գործառնական մոդելը»,- ասաց նա:
Front Office-ն, ըստ նախարարի, առաջնային գրասենյակն է կամ ընդունարանը, իսկ Back Office-ը «վարագույրների հետևում» գործող գրասենյակն է:
Front Office ծառայությունը կարող են մատուցել մասնավոր օպերատոր հանդիսացող ընկերություններ, որոնք ընտրվելու են TRIPP զարգացման ընկերության կողմից: Front Office-ը կմատուցի հաճախորդների առերես սպասարկում, օրինակ՝ փաստաթղթերի նախնական հավաքագրում, տեղեկության և ուղեցույցների տրամադրում, առևտրի մասով վճարների հավաքագրում, վճարումների մշակում և այլն: Front Office-ի օպերատորները որոշումներ չեն կայացնում, միայն աջակցում են:
Back Office-ը ՀՀ պետական մարմիններն են ուղղակիորեն: Ըստ այդմ՝ ՀՀ մաքսային և սահմանային պաշտոնյաներն իրականացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները, ինչպես սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ: Ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում:
«Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի սահմանային և մաքսային բոլոր հաստատություններում: Ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում»,- ասաց նա: