ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի մասին, նշել՝ այն նախատեսվում է հաստատել մինչև փետրվարի վերջ:
«Դառը ճշմարտությունն այն է, որ այս պատերազմը կարող է երկար ձգվել, եթե մենք հավաքական կերպով չավելացնենք ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի նա դադարեցնի այն։ Եվրոպայի քաղաքականությունը մնում է հետևողական: Մենք աջակցում ենք Ուկրաինային և ավելացնում ծախսերը Ռուսաստանի համար»,- ասել է Կալասը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով վարկ կհատկացնի պետական գործառույթների և պաշտպանության ֆինանսավորման համար։
Կալասի խոսքով՝ Ռուսաստանը բանակցություններին լուրջ կվերաբերվի միայն այն դեպքում, եթե ստիպված լինի դա անել։
«Մենք քննարկում ենք նաև եվրոպական պաշտպանությունը։ Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի հավակնությունները դուրս են գալիս Ուկրաինայի սահմաններից։ Մեր երկրների և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար Եվրոպան պետք է է՛լ ավելի ամրապնդի իր պաշտպանական պատրաստվածությունը»,- նշել է Կալասը։