Երկուշաբթի տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Իրանի քաղաքների փողոցներ՝ կառավարությանն աջակցություն հայտնելու համար՝ հաղորդել է Associated Press-ը։
Ըստ գործակալության՝ ցուցարարները վանկարկել են կարգախոսներ, այդ թվում՝ «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»։ Նրանցից շատերը ձեռքներին պահել են Իրանի դրոշներն ու Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիմանկարները։
Ավելի վաղ երկրի իշխանությունները կոչ էին արել բնակիչներին մասնակցել Իսլամական Հանրապետությանն ու նրա ղեկավարությանը սատարող ցույցերին։
Իրանում բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ից։ Սկզբում դրանք պայմանավորված են եղել տնտեսական ծանր վիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, սակայն շուտով ստացել են նաև քաղաքական ենթատեքստ։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ խռովությունները հրահրում են արտաքին ուժերը, բայց Թեհրանը լիովին վերահսկում է իրավիճակը։