ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ սարսափած է Իրանի իշխանությունների կողմից ցուցարարների դեմ չափազանց մեծ ուժի կիրառման մասին հաղորդագրություններից, որոնք հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան և բազմաթիվ վիրավորների:
«Բոլոր իրանցիները պետք է հնարավորություն ունենան խաղաղ և առանց վախի արտահայտել իրենց դժգոհությունը»,- հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը և Իրանի իշխանություններին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն, զերծ մնալ ուժի «անտեղի կամ անհամաչափ» կիրառումից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև պնդել է, որ Թեհրանը պետք է միջոցներ ձեռնարկի տեղեկատվության հասանելիությունն ապահովելու համար, այդ թվում՝ կապի վերականգնումը։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան նույնպես աջակցություն է հայտնել ցուցարարներին: Նա սոցիալական ցանցերում դիմել է «փողոց դուրս եկած համարձակ աղջիկներին, ուսանողներին, տղամարդկանց ու կանանց»՝ հայտարարելով. «Ձեր ժամանակը եկել է»։
«Իմացեք, որ ցանկացած ռեժիմ, որն արգելափակում է կապը, վախենում է իր սեփական ժողովրդից»,- ասել է Մեցոլան։
Ըստ նրա՝ Եվրոպան նույնպես պետք է գիտակցի իր պարտավորությունը ստեղծված իրավիճակում և գործի: «Իրանը ազատ կլինի»,- ընդգծել է Եվրախորհրդարանի նախագահը: