Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը միացել է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանը։
«Ես` Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանս ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է Համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել Համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին:
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը,
հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Օրեր առաջ
տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։